article dans AZG Daily

Արթուր Ահարոնյանը կիսադեմից եւ դիմացից

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Կոմպոզիտոր եւ դաշնակահար Արթուր Ահարոնյանը, որի 45 տարին լրացավ վերջերս, 1993 թվականից ապրում է Փարիզում: Այստեղ նա, ինչպես ասում են, արմատներ է ձգել: Սորբոնի համալսարանում երաժշտագետի մասնագիտությամբ պարապելուց հետո մագիստրոսական թեզ պաշտպանեց «Կոմիտասի դաշնամուրային երկերը» թեմայով: Փարիզում գործունեությունն սկսելով որպես դաշնակահար՝ նա արդեն 1996 թ. Մեծ մրցանակ ստացավ Պ. Լանտյեի անվան կամերային երաժշտության մրցույթում: Եվ ցայժմ դաշնամուրի եւ կոնցերտմայստերական արվեստի պրոֆեսոր հանդիսանալով Փարիզի տարբեր մունիցիպալ կոնսերվատորիաներում, Ահարոնյանը զուգահեռաբար իրականացնում է ինքնուրույն համերգային գործունեություն: Ֆրանսիայում Հայաստանի տարին նրան հնարավորություն տվեց 20-րդ դարի հայկական երաժշտության ցուցադրության մեջ իրեն լայնորեն դրսեւորել որպես մենակատար եւ անսամբլիստ: Հատկանշական է, որ կարճ ժամանակամիջոցում նա արդեն չորս անգամ մենակատար է եղել Առնո Բաբաջանյանի դաշնամուրի ու նվագախմբի «Հերոսական բալլադում»:

Մենք դեռ կանդրադառնանք Ահարոնյանի կատարողական՝ «պրոֆիլային» արվեստին (դաշնակահարի հենց պրոֆիլը՝ կիսադեմն է դահլիճում տեսնում հանդիսականը), որը ձեւավորվել է հայրենիքում՝ Երեւանում: Այստեղ նա ավարտել է Պ. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցը (պրոֆ. Հակոբ Զարգարյանի դաշնամուրային դասարանը), ապա 1981-1987 թթ. Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով. որպես դաշնակահար՝ պրոֆ. Սերգեյ Սարաջյանի դասարանում (ընդսմին նրան կոնցերտմայստերական արվեստ է դասավանդել պրոֆ. Իրինա Կոստանյանը) եւ որպես կոմպոզիտոր՝ պրոֆ. Էդուարդ Բաղդասարյանի եւ Տիգրան Մանսուրյանի դասարանում:

Բայց կատարելագործման ձգտումն Արթուրին տարավ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիա, ուր նա վեց տարի պարբերաբար մեկնում է շփվելու հանրահայտ վարպետների՝ դաշնակահարներ Լեւ Նաումովի ու Սամվել Ալումյանի եւ կոմպոզիտոր Նիկոլայ Սիդելնիկովի հետ:

Ինչպես եւ կարելի էր սպասել, Արթուրի առաջին երկերը (սկսած 1980 թ.-ից) գրվեցին դաշնամուրի համար: Սկսնակ կոմպոզիտորը հորինեց դաշնամուրային մի քանի պիես, որոնք ակնհայտորեն միտված են հայկական ավանդույթին, մասնավորապես արտահայտիչ ուրվապատկերներին եւ բոլոր հայ կոմպոզիտորներին, այդ թվում Կոմիտասին բնորոշ մելամաղձոտ տրամադրությանը: Ի դեպ, Արթուրը Կոմիտասից սովորել է ոչ միայն ազգային ոճ, այլեւ ասելիքի հատկանշական հակիրճություն, երաժշտական զուսպ, համառոտ, բայց նշանակալի միջոցների ընտրություն: Ավելի ուշ դա Արթուրի համար կդառնա կոմպոզիտորական գեղագիտության գիծ:

Ուսանողական տարիներին գրված ստեղծագործությունների մեջ առանձնանում են դաշնամուրային «Մանրանվագները» (1983), որոնք հինգ տարի անց հրատարակվեցին Մոսկվայում («Սովետսկի կոմպոզիտոր» հրատարակչություն): Իսկ 1996 թ. «Մանրանվագները» մտան Իտալիայում անցկացվող դաշնակահարների Գրամշիի անվան մրցույթի պարտադիր ծրագրի մեջ: Կոմիտասյան ավանդույթի յուրացման հետ միաժամանակ «Մանրանկարները» վկայում էին, որ հեղինակը՝ ի դեմս Կ. Դեբյուսիի եւ Բ. Բարտոկի, քաջածանոթ է արտասահմանյան դաշնամուրային ավանդույթին: Տվյալ հանգամանքը մի կողմից կանխորոշեց ամենքի համար ընդհանուր իմպրեսիոնիզմի դպրոցի կարեւորությունը, որի հիման վրա, հաշվի առնելով Դեբյուսիի փորձը, դաստիարակվել են Բ. Բարտոկը, Ի. Ստրավինսկին, Ա. Վեբեռնը եւ շատ ուրիշ կոմպոզիտորներ, որոնք արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին ներկայացնում են զանազան ազգային դպրոցներ: Իմպրեսիոնիզմի օրինականացրած հնչյունային ներկապնակի գունագեղությունը, տարբերակվածությունը եւ օդայնությունը բացեցին նոր արվեստի հեռանկարները: Դրանք հիմա էլ թվում են անսպառ, քանի որ հնչյունային (սոնորիստական) տարածքը շարունակում է զարգանալ, կատարելագործվել:

Մյուս կողմից, Արթուրն առանձնահատուկ նշանակություն է տալիս ռիթմին, դրա կառուցվածքային եւ դինամիկ հատկանիշներին: Ազգային մտածողության հենք հանդիսանալով՝ ռիթմը հայ կոմպոզիտորների համար մշտապես հիմնարար նշանակություն է ունեցել: Այս առումով Արթուրը յուրօրինակ չի եղել: Այդուհանդերձ հատկանշական է, որ արդեն մասնագիտական ձեւավորման տարիներին երիտասարդ կոմպոզիտորը հեռացավ հայկական բանահյուսության ռիթմերի ուղղակի փոխառման հնարավորություններից, ընտրելով վերացարկված ստեղծագործության ուղին, որտեղ ազգային ռիթմիկ բանաձեւերը ծառայում էին ազատ ներշնչանքի ազդակ, այլ կերպ ասած՝ ոչ թե ճշգրիտ վերարտադրության, այլ ստեղծագործական մեկնաբանման համար:

Վերոշարադրյալի լույսով, որպես Ահարոնյանի ձեւավորման նախնական ժամանակահատվածի արգասավոր արդյունք, նշենք նրա «Երկու հոբոյի եւ Ֆագոտի տրիոն» (1989), որը դարձավ ոչ միայն ռիթմի (այդ թվում եւ պոլիռիթմիայի) բնագավառի կոմպոզիտորական գյուտի, այլեւ ազգային եւ արեւմտյան մոդալային ավանդույթի անհատապես գտնված համադրության բնորոշ նմուշ: Կոմպոզիտորն ավելի փայլուն գեղարվեստական արդյունքի է հասել փողայինների հնգյակի պիեսների «Նովելետներ» (2005) շարքում: Այդ երկը պատվիրվեց եւ անմիջապես CD-ի վրա ձայնագրվեց Բրետանի փողային հնգյակի կողմից, իսկ 2006 թ. նույն համույթը Ահարոնյանի նախաձեռնությամբ հանդես եկավ Երեւանում՝ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության գարնանային երաժշտական փառատոնի շրջանակներում: Համույթը նվագում էր իր հայրենակիցների, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների (այդ թվում Արթուր Ահարոնյանի) երաժշտությունը: Ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի հասարակայնության շրջանում «Նովելետների» (դրանք 6 յուրօրինակ բագատելներ են) առաջացրած ջերմ ընդունելությունը հեղինակին ոգեշնչեց գրել նոր երկ՝ պղնձե փողայինների «Դիվերտիսմենտ», որի պրեմիերան նախապատրաստվում է Ֆրանսիայում:

Ինչ վերաբերում է երեւանյան վաղեմի տպավորություններին, ժամանակակիցները հիշում են Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» պատմվածքի հիման վրա ստեղծված համանուն սիմֆոնիկ եռանվագը: Երեւանի կոնսերվատորիան ավարտելիս (1987) նախապես որպես դիպլոմային աշխատանք գրված այդ ստեղծագործությունը, հայրենիքից բացի, կատարվել է Բուլղարիայում (դիրիժոր Վահագն Պապյան) եւ Ռուսաստանում (դիրիժոր Վլադիմիր Զիվա): Կոմպոզիտորը ոչ առանց հիմքի մտադիր է կերպարային եւ պլաստիկ առումներով փայլուն այդ երաժշտությանը տալ պարային մարմնավորում: Առկա է ոճական կապ Մ. Ռավելի «Դափնիս եւ Քլոե» հայտնի բալետի հետ (բնության, ծովի պատկերների երաժշտական նկարագրականության տեսակետից): Միեւնույն ժամանակ հայ կոմպոզիտորը նախընտրել է Լիվինգստոն ճայի կերպարի քնարական-հոգեբանական մեկնաբանության միջոցով շեշտել անհատի ողբերգական դատապարտվածության եւ մենության թեման:

Ստեղծագործության միջազգային հաջողությունը չհանգստացրեց հեղինակին: 2004 թ. նա վերադառնում է թեմային, օգտագործելով երաժշտական նյութի մի մասը, ստեղծում է «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը: Դրա պրեմիերան տեղի ունեցավ Փարիզի «Մոգադոր» թատրոնում: Ազգային սիմֆոնիկ նվագախմբի վահանակի մոտ էր անչափ տաղանդավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, որը 1990-ական թթ.Երեւանում քանիցս հաղթանակորեն հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2006 թ. «Բալլադ Ջոնաթանի մասին» գործը երկրորդ մրցանակի արժանացավ (առաջինը ոչ մեկի չշնորհվեց) Լյուտեսի ակադեմիայի մրցույթում, իսկ 2006 թ. վերջերին առաջին մրցանակ ստացավ Անտիբի միջազգային մրցույթում:

Խոսելով Արթուր Ահարոնյանի վոկալ երկերի մասին՝ նախ եւ առաջ ուզում ենք նշել երեք երգչի եւ տասնմեկ գործիքի համար նրա գրած մեկ գործողությամբ «Գրազ» կամերային օպերան (լիբրետտոն գրել է բանագետ Արուսյակ Սահակյանը խաբված սիրո մասին ժողովրդական փոքր զրույցների մոտիվներով): 1991 թ. օպերան՝ փոքր թատերականացմամբ, Երեւանի Կամերային երաժշտության տան բեմից հնչեց դիրիժոր եւ ջութակահար Հայկ Դավթյանի ղեկավարությամբ (ներկայումս Ֆրանսիայի քաղաքացի):

Օպերայի, որպես կենցաղային ժանրային կոլորիտ օգտագործող բեմական ստեղծագործության փորձը յուրօրինակ բեկում ստացավ կինոերաժշտության մեջ: 1990-ական թթ. Ահարոնյանը Ֆրանսիայի ազգային գրադարանի պատվերով գրում է մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտական նվագակցությունը: Դրանք են «Հայաստանի վերջին արքաները», «Քարտեզների գյուտը», «Հայաստան» ֆիլմերը: Վերջերս ՀԲԸՄ-ի պատվերով ավարտեց «Անցյալ դարի մի գործ» պատմավավերագրական ֆիլմի երաժշտությունը:

Կյանքի երեւանյան ժամանակահատվածում Ահարոնյանի մենանվագային եւ խմբերգային ստեղծագործությունների համար տեքստ էր ծառայում հայկական պոեզիան: Իր վոկալ երաժշտության մեջ նա նախընտրում էր ուժեղացնել գրական խոսքի թվերգային-արտասանական արտահայտչականությունը, օրինակ՝ Համո Սահյանի խոսքերով գրած բարիտոնի եւ դաշնամուրի վոկալ շարքում: Խմբերգային երաժշտության մեջ կոմպոզիտորն առանձնացնում է ֆակտուրայի հենքը, ընդամենը մի քանի նրբագծով կերտելով իրեն անհրաժեշտ պատկերը: Այս տեսակետից առավել հատկանշական է երկու ստեղծագործություն. դրանք են կանանց երգչախմբի համար գրված «Էսքիզը» (վոկալիզ, 1985) եւ 17-րդ դարի հայ բանաստեղծների (Բաղդասար Դպիր, Ղազար Սեբաստացի, Սիմեոն Կապանցի եւ անանուն) խոսքերով խառը երգչախմբի համար գրված «Սիրո երգեր» շարքը: 1992 թ. ստեղծված «Սիրո երգեր» շարքը Երեւանում 2006 թ. կատարեց Հայաստանի կամերային նվագախմբի երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ոճական առումով զուսպ այդ ստեղծագործությունը տպավորվել է ընդհանուր խմբերգային կառուցվածքի նրբագեղությամբ եւ չորս մասերից յուրաքանչյուրի տեմբրային ներկապնակի բազմազանությամբ:

Ա. Ահարոնյանի կոմպոզիտորական դիմագիծը, որպես կանոն, փոքր գործընթացների, փոքր շարժման, շրջադարձի, ժեստի դիտարկումն է… Հանուն ներաշխարհի կյանքի դիտարկման հրաժարվելով ընդհանրացման պաթոսից՝ կոմպոզիտորը ունկնդրին եւս ստիպում է ուշադրությունը բեւեռել յուրաքանչյուր հնչող պահի վրա: Այսպիսով փոքրը դառնում է նշանակալի, մասը վերաճում է ամբողջի…

Վերադառնալով Արթուրի դաշնակահարային զբաղմունքին՝ նշենք, որ նրա նվագում անտեսանելիորեն առկա է կոմպոզիտորական մտածողության ֆենոմենը: Դաշնակահարն ընդգծում է կատարվող երկի երաժշտական գործընթացի վրա ազդող նոտայական տեքստի առանձին տարրերի կարեւորությունը (օրինակ, ինտերվալը, մոտիվը, ռիթմիկ դարձվածքը, ներդաշնակությունը, ֆակտուրայի ուրվագիծը): Տեքստի նրբարվեստ մշակումը դաշնակահարին չի խանգարում հասնելու տպավորիչ երաժշտական-էներգետիկ ալիքների եւ ձեւի ամբողջականության:

Պահպանելով կամերային կատարման գերակայությունները (Ահարոնյանը ջութակահար Գ. Դավթյանի հետ երկու խտասկավառակ ունի Ս. Պրոկոֆեւի եւ Ա. Բաբաջանյանի սոնատների եւ հայ կոմպոզիտորների պիեսների ձայնագրություններով)՝ երաժիշտը պարբերաբար որպես մենակատար հանդես է գալիս դաշնամուրի ու նվագախմբի կոնցերտների կատարման ժամանակ: Նա նվագել է Փարիզի երգչախմբի ու նվագախմբի (դիրիժոր Քրիստոֆ Էշենբախ), Բերսի քաղաքի նվագախմբի (դիրիժոր Մարտան Բարալ) հետ: Նվագացանկն ընգրկում է առավելապես դասական եւ ռոմանտիկ երաժշտություն, բայց կան Դեբյուսիի, Սկրյաբինի, Պրոկոֆեւի եւ, իհարկե, Կոմիտասի ստեղծագործություններ. Ահարոնյանն այն քանիցս կատարել է երգչուհի Արաքս Մանսուրյանի (նրանց համատեղ խտասկավառակը լույս է տեսել Ավստրալիայում) եւ երգիչ Գեղամ Գրիգորյանի հետ:

Մեկ հոդվածում անհնար ընդգրկել Արթուր Ահարոնյանի հագեցած երաժշտական կյանքին առնչվող բոլոր տեղեկությունները: Մերվելով Ֆրանսիայի մշակութային իրականությանը (պատահական չէ, որ նա հաղթեց եվրոպական FED կազմակերպության համար գրված խմբերգային օրհներգերի 2003 թ. մրցույթում), Ահարոնյանը չի խզում կապերը հայրենիքի հետ: Նրա երեւանյան այցելությունները, ֆրանսիական փողային հնգյակի հյուրախաղերի կազմակերպումը, իսկ ներկայումս Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրերին ակտիվ մասնակցությունը կարեւոր են մշակութային կամրջի կառուցման համար, որի իրականացումը մեր ընդհանուր գործն է: